Այսօր` հուլիսի 14-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 66 տարեկան: Գեներալ Մանվելը ծնվել էր 1956թ․-ի հուլիսի 14-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։ 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական դասընթացները։
1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ամուսնացած էր Նազիկ Ամիրյանի հետ, ուներ 8 զավակ։ Որդիներից Կարեն Գրիգորյանը Վաղարշապատ քաղաքի նախկին քաղաքապետն է։ Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։
1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։
Մանվել Գրիգորյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը։ 1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանն ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Մանվել Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք պետական և գերատեսչական մեդալներով։ 1994 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նույն թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2000 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան և ստացել «Արցախի հերոս» կոչում։
Մանվել, Արցախի պատերազմի ողջ ծանրությունը քո ուսերին է եղել։ Դու պահել ես ռազմաճակատի վաթսուն տոկոսը։
Սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով գովեստի մեջ լինելով բավականին ժլատ, շռայլել է գեներալին։ Կարծես թե Սպարապետի այս խոսքերն օրենքի ուժով կամ դատական ակտերով դեռ չեն չեղարկվել։
ՆԱՏՈ-ի վեհաժողովի ժամանակ պետք էր տեսնել ադրբեջանի պաշտպանության նախարարի դեմքի գույնի փոփոխությունը, երբ Վազգեն Սարգսյանն ասաց, որ իր կողին կանգնածը Մանվել Գրիգորյանն է։
Սա հասարակական, քաղաքական գործիչ, իրավագետ Կիմ Բալայանի, որպես այդ վեհաժողովի մասնակից ականատեսի պատմածն է։
Այսօր Հայաստանն, իրավամբ, Արցախյան թնջուկի լուծման ժամանակ բանակցության սեղանին, որպես ձեռքբերում, խոսում է նաև ազատագրված, գրավյալ, տարածքների մասին։ Տարածքներ, որոնց մի մասն ազատագրվել է բացառապես Մանվել Գրիգորյանի գիտությամբ, այն դեպքում, երբ այդ օրերի գլխավոր հրամանատարն արգելել էր նոր տարածքներ ազատագրել, ընդհուպ սպառնալով գեներալին, որ կկալանավորի։
Ցանկանում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանին տևական ժամանակ միտումնավոր պահելով կալանքի տակ, ցուցաբերելով դաժան վերաբերմունք, խոշտանգելով՝ դարձրեցին անդամալույծ, անբուժելի հիվանդ։ Այսօր փաստաբանը հայրենի կառավարությունից թույլտվություն է մուրում, որպեսզի բուժումը շարունակի դրսում։
Մանվել Գրիգորյանն այլևս պատմության մեջ մտել է հազար տարի անց հայրենիք ազատագրած, ազատագրածը պահած ու սերունդներին հանձնած զորավար։
Շնորհավոր ծնունդդ, գեներալ։










