Բրիտանական EasyJet լոուքոսթերի ինքնաթիռից, որը Լանսարոտեից Մեծ Բրիտանիա էր մեկնում, հեռացվել է 19 ուղևոր, քանի որ ինքնաթիռը «չափազանց ծանր էր թռիչքի համար»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Լանսարոտեի Arrecife օդանավակայանից Լիվերպուլի Ջոն Լենոնի անվան օդանավակայան մեկնող չվերթը հետաձգվել է ինքնաթիռի ծանրության պատճառով։
Օդաչուն հայտնել է, որ չափազանց վատ եղանակային պայմանների պատճառով օդանավը, ուղևորների ներկայիս քանակով, շատ ծանր կլինի թռիչքի համար:
«Անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, քամու պայմաններում մենք ոչ մի կերպ չենք կարող այս օդանավը տեղափոխել... Ես խոսել եմ մեր օպերատիվ թիմի հետ, և ծանր ինքնաթիռի հետ կապված խնդիրը լուծելու միակ միջոցը այն մի փոքր թեթևացնելն է: Եթե հնարավոր է, մինչև 20 կամավոր թող չթռնի Լիվերպուլ այս գիշեր։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կամավոր լինել, դա խրախուսելի է», -ասել է օդաչուն:
Նա հավելել է, որ EasyJet-ը պատրաստ է մինչև 500 եվրո վճարել յուրաքանչյուր ուղևորին՝ ինքնաթիռը լքելու համար: