Երգիչ Ռիկի Մարտինը եւ նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են մոտ վեց տարվա ամուսնությունից հետո։ «Որոշ ժամանակ մտածում էինք մեր հարաբերությունները փոխելու մասին, ապա ուշադիր քննարկելուց հետո որոշեցինք ավարտել մեր ամուսնությունը՝ սիրով, հարգանքով եւ արժանապատվությունով հանուն մեր երեխաների», - գրել է զույգն Instagram-ում։ «Այժմ մեր ամենամեծ ցանկությունն է պահպանել առողջ ընտանեկան դինամիկա եւ հարաբերություններ՝ հիմնված մեր անկեղծ բարեկամության վրա, մինչ մենք շարունակում ենք միասին դաստիարակել մեր երեխաներին», - գրել են Մարտինը եւ Յոսեֆը: «Մենք միասնական ենք մեր կյանքի այս նոր գլխի զարգացման գործում»:
Մարտինի թիմը AP-ին հաստատել է հրապարակման իսկությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ռիկի Մարտինը՝ իսպանական եւ անգլիական հիթերի կատարող, ինչպիսիք են «Livin' la Vida Loca», «She Bangs», «La copa de la vida» եւ «Vente pa' ca», երկու «Գրեմմի» մրցանակի է արժանացել։ Յոսեֆը սիրիական ծագումով շվեդ նկարիչ է։ Նրա մայրը հայ է։
51-ամյա Մարտինը եւ 38-ամյա Յոսեֆն ամուսնացել են 2017 թվականի վերջին։ Այդ ժամանակ պուերտոռիկացի երգիչն արդեն երկվորյակների՝ Մատեոյի եւ Վալենտինոյի հայրն էր, ովքեր օգոստոսին կդառնան 15 տարեկան։ Նրանք ծնվել էին փոխնակ մոր օգնությամբ։ Յոսեֆը եւ Մարտինը եւս երկու երեխա ունեն՝ Լուսիան, այժմ 4 տարեկան է, եւ Ռենը, 3 տարեկան։
Անցյալ տարվա սեպտեմբերին Մարտինը դատի է տվել իր եղբորորդուն սեռական ոտնձգության մեղադրանքների համար, որոնցից եղբորորդին հրաժարվել է: Պնդելով, որ պահանջներն իրեն արժեցել են միլիոնավոր դոլարներ կորցրած եկամուտ, Մարտինն ասել է, որ իր «պրոբլեմատիկ» եղբորորդին «հետապնդել է իրեն եւ գումար շորթել»: