Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Թումանյան 39 հասցեում գտնվող շենքի ամբողջ տանիքին մի ամբողջ հարկ ավելացնում:
Հատկանշական է, որ Չախոյանի ուղիղ եթերի ժամանակ շենքի տանիքում շինարարություն անող բանվորները շատ արագ հեռացան տեսադաշտից: Մինչ այդ նա ցույց տվեց, թե ինչպես է բանվորներից մեկը հեռախոսով խոսում: Հավանաբար հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ էլ շինարարներին հորդորել էին հեռանալ տեսադաշտից:
Օգտատերը վստահություն է հայտնում, որ առանց Երևանի քաղաքապետարանի, Կենտրոնի թաղապետարանի թույլտվության հնարավոր չէ նման շինարարություն անել, ու որքան էլ Տիգրան Ավինյանը հայտարարություններ անի, նմանատիպ շինարարությունները շարունակվում են. «Եթե Նիկոլ Փաշինյանը մարդամեկին կանչեր, ականջները ձգեր, նման բաներ չէին լինի Երևանում»:
«Սենց խուժանություն է կատարվում, ու սա առաջին կամ երկրորդ դեպքը չէ, էլի կան»,-նշում է նա` հիշեցնելով, որ սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են սպասվում, ու եթե հիմա է այսպիսի բաներ կատարվում, միայն ենթադրել կարելի է, թե ինչ կլինի, եթե Տիգրան Ավինյանն ընտրվի քաղաքապետ:










