Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը, ով վթարից հետո դիմել էր փախուստի, իսկ նրա փոխարեն ներկայացել էր գնդապետ հայրը, կալանավորվել է


Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը, ով վթարից հետո դիմել էր փախուստի, իսկ նրա փոխարեն ներկայացել էր գնդապետ հայրը, կալանավորվել է
Օգոստոս 8 17:42 2017

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Սահակ Մինասյանը միջնորդություն են ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Աշտարակ), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանի նկատմամբ. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս մահվան ելքով ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով Нива-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս երթևեկում էր թույլատրելի սահմանված արագությամբ, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ, ով նախկինում աշխատել է Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը։ Ի դեպ, տղայի երեսին կա վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեքենան վարել է գնդապետի որդին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Գոհար Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Ջեյրանյանը կալանավորվեց, ով տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: