Նիկոլ Փաշինյանի երեք ինքնախոստովանական ցուցմունքները


Նիկոլ Փաշինյանի երեք ինքնախոստովանական ցուցմունքները
Հունիս 20 22:32 2023

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց Նիկոլ Փաշինյանը վերջապես եկավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին: Սակայն ուշագրավը պատասխանները չէին, այլ Փաշինյանի փաստացի ինքնախոստովանական ցուցմունքները մի շարք առանցքային հարցերում:

 
 

Դիցուք՝ նա հայտարարեց, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իրեն  զեկուցել էր Շուշիի անկման մասին: Ստացվում է, որ վարչապետը գիտակցաբար մոլորեցնում էր հանրությանը, երբ նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարում էր և գրառում էր անում առ այն, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են:

 

Երկրորդ դրվագը վերաբերվում էր պատերազմի ընթացքում տարատեսակ հրամաններ արձակելուն և որոշումներ կայացնելուն; Դիցուք՝ ըստ Փաշինյանի՝ ինքը հրամայել է հետ վերցնել Շուշին: Մինչդեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ կերպ չի միջամտել զինված ուժերի գործողություններին, հրամաններ չի արձակել այլ եղել է զուտ մոդեռատորի դերում:

 

Երրորդ ինքնախոստովանական ցուցմունքը վերաբերվում էր այն դրվագներին, երբ Փաշինյանը, ըստ էության, մի քանի անգամ մերժել է պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ նպատակ ունենալով հուժկու հակահարված հասցնել Բաքվին: Հասկանալի է, որ այս շեշտադրումը անելով՝ վարչապետը ցանկանում է թիրախավորել զինված ուժերին՝ ակնարկելով, որ հենց նրանք են տապալել այդ հակահարվածը և արդյունքում նա ստիպված է եղել ստորագրել ավելի վատ պայմաններով կապիտուլյացիոն ակտը: Սակայն, եթե հրամանները տալիս էր Փաշինյանը և նա բնավ էլ զուտ մոդեռատորի դեր չէր կատարում 44 -օրյա պատերազմի ընթացքում, ստացվում է, որ ողբերգական արդյունքը հենց իր սխալ հաշվարկների հետևանքն էր: