2023 թվականը կարող է լինել ամենաշոգը գրանցված պատմության մեջ Էլ -Նինո բնական երեւույթի պատճառով, որն առաջացել է Խաղաղ օվկիանոսի տաքացումից: Այս մասին զգուշացնում են կլիմայագետներն ու օդերեւութաբանները, գրում է The Guardian-ը։
Իրենց կանխատեսումներում գիտնականները հղում են անում գլոբալ տաքացման ուժեղացման մոդելներին եւ հունիսի պիկ ջերմաստիճաններին, որոնք արդեն գերազանցում են նախորդ տարիների արժեքները: «Մակերևութային ջերմաստիճանի գլոբալ անոմալիան այժմ գտնվում է ռեկորդային մակարդակի վրա կամ մոտ է դրան, և 2023 թվականը գրեթե անկասկած ամենատաք տարին կլինի դիտարկումների ողջ պատմության ընթացքում», — ասում է Փենսիլվանիայի համալսարանի կլիմայագետ Մայքլ Մանը:
Ֆինլանդիայից օդերեւութաբան Միրկա Ռանտանենը նաեւ նշել է, որ հունիսյան ջերմաստիճանի ցուցանիշների հիման վրա կարելի է ակնկալել, որ մեծ հավանականությամբ հուլիսը ռեկորդային տաք կլինի: ԱՄՆ-ի օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) հավելել է, որ ծովերում ջերմության էլ ավելի նկատելի աճ է նկատվում. հետազոտողները երկրորդ տարին անընդմեջ գրանցում են օվկիանոսի մակերևույթի ռեկորդային ջերմաստիճանը մայիսին:










