Խաղաղության համար Ադրբեջանը կարող է Երասխն ուզի՝ ո՞նց տանք․ Երասխ վարչական շրջանի ղեկավար․ «Առավոտ»


Խաղաղության համար Ադրբեջանը կարող է Երասխն ուզի՝ ո՞նց տանք․ Երասխ վարչական շրջանի ղեկավար․ «Առավոտ»
Հունիս 16 09:53 2023

«Առավոտ» թերթը գրում է․ ««Երասխ համայնքի ժողովուրդը չի կարող իր հարեւանի՝ Ադրբեջանի հետ, Նախիջեւանի հետ հարեւանություն անի կամ բարեկամություն». «Առավոտի» զրուցակիցն է Արարատ համայնքի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

 

«Ինչ եղավ՝ էս երկու օրն եղավ: Ամբողջը եղավ այս գործարանի համար, որ իրենք արգելեն գործարանի կառուցվելը, քանի որ այս գործարանը միտված է լինելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, առաջխաղացմանը: Նաեւ գյուղի զարգացման համար է լավ ու պաշտպանության: Ադրբեջանն էլ՝ մեր թշնամին, մեզնից 400-500 մետր հեռու, որոշել են թիրախավորել ու չթողնել, որ աշխատանք կատարվի: Բայց այս հարցը շուտով կլուծվի»,- սահմանամերձ Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանի մտորումներն են: 

 

-Ո՞վ է ասում՝ թշնամի ենք, ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների մեջ ենք, ուզում ենք բարեկամանանք, ու դրա դիմաց իրենք ինչ ուզում են՝ մեր իշխանությունը պատրաստ է տալ: 

 

-Չի լինի: Ո՞նց կարող ենք բարեկամանալ, եթե մենք ունեցել ենք մեծ զոհեր, կոտորածներ: Ես 60 տարեկան եմ, իրենց հետ ապրել եմ. իրենք ակտիվ չեն եղել, բայց հիմա շատ ակտիվ են, որովհետեւ հաղթած պետություն են կոչում իրենց: Բայց մեկ է, ես իրենց չեմ համարում հաղթած: Իրենք՝ իրենց կեղտոտ խաղերով ուզում են զրպարտել մեզ: Ու այսօր էլ այդ ամենը՝ խաղաղությունը, հաշտությունը, շատ դժվար է իրենց հետ: 

-Բայց Հայաստանի իշխանությունը համարում է, որ դա պետք է ու պատրաստ է ամեն գնով դրան գնալ, անընդհատ են հայտարարում: 

 

-Դա կարող է անել իշխանությունը, իսկ ժողովուրդը, մեր Երասխ համայնքի ժողովուրդը, չի կարող իր հարեւանի հետ՝ Ադրբեջանի, Նախիջեւանի հետ հարեւանություն անի կամ բարեկամություն: 

 

-Ինչի՞ չեք կարող. ասենք հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի, որի հիման վրա դառնանք բարեկամներ, ի՞նչ պիտի անեք: 

 

-Կկնքվի՝ մենք կապրենք մեր կողմում, իրենք թող ապրեն իրենց կողմում, մենք չշփվենք, էդ շփումն էլի կառաջացնի վատ բաներ: 

 

Այդպես ապրելը Սարո Այվազյանը հնարավոր է համարում: Անկլավների, դրանց վերադարձի մասին հարցն էլ կիսատ թողեց. 

 

-Որպես վարչական շրջանի ղեկավար, ես չեմ կարող անցնել այդ հարցերին: Ինքս՝ պատերազմի մասնակից, ճանապարհ անցած, վիրավորվել եմ... Հիմա ուզում եմ խաղաղ ապրենք, պատերազմ չլինի, տա Աստված լինի խաղաղությունը: 

 

-Բայց այդ խաղաղության դիմաց Ադրբեջանն ինչ-որ բան է ուզում եւ անընդհատ: Տա՞նք: 

 

-Դե, հիմա, ինքն էդպես է: Խաղաղության համար նա կարող է այս գործարանն ուզի, կարող է՝ Երասխն ուզի՝ ո՞նց տանք, ո՞վ տա: Տվող չկա, ուզող՝ շատ կա, տվող է պետք:

 

Առավել մանրամասն՝ թերթի տ տաայսօրվա համարում