Արմեն Աշոտյանն իր ձերբակալությունը որակում է որպես քաղաքական հետապնդում. Փաստաբան


Արմեն Աշոտյանն իր ձերբակալությունը որակում է որպես քաղաքական հետապնդում. Փաստաբան
Հունիս 15 15:16 2023

Արմեն Աշոտյանն իր ձերբակալությունը որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված Արցախը հանձնելու ազգակործան, դավաճանական քաղաքականության հետ, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նա համարում է, որ սա փորձ է լռեցնելու բոլոր այն գործիչներին, ովքեր հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությունը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ Աշոտյանի տրամադրությունը մարտական է։

Նշենք, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ  չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները», - ասել էր Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ գործի վերաբերյալ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։