«Ինձ՝ որպես փաստաբանի եւ հանձնաժողովի անդամի, չի կարող չմտահոգել մի բան, որը կապված է դատավորների իրավունքների եւ դրանց խախտումների հետ»,-ասում է մեր զրուցակիցը: Դատավորների նկատմամբ վարույթների տարափի, միջազգային կառույցների արձագանքի, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլում լայն տարածում ստացած ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ» ընտրելու տեղեկությունների մասին զրուցել ենք Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի հետ։
– Պարոն Հարությունյան, որպես Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, ով մասնակցում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերի քննարկմանը, ի՞նչ կասեք Կարեն Անդրեասյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ»-ի ընտրություններ կազմակերպելու լուրերի մասին։ Ի՞նչ գործընթացներ պետք է հետեւեին այս լուրերին։
– ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն իրականացնելու միջոցով պետք է երաշխավորի դատարանների եւ դատավորների անկախությունը: Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի գերնպատակը պետք է լինի դատավորների անկախության ապահովումը, իսկ այդ նպատակից, փաստորեն, Կարեն Անդրեասյանը շեղվել է՝ դատելով տարածված տեղեկություններից։ Ես նման գնահատական եմ հնչեցնում, քանի որ բոլորս լավ ենք հիշում, որ ցանկացած չնչին, նույնիսկ ոչ էական մեղադրանքին անմիջապես արձագանքում են կամ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը, կամ Կարեն Անդրեասյանը, իսկ այս դեպքում չեն էլ փորձում հերքել մամուլում տեղ գտած խայտառակ հրապարակումները՝ դրանով հաստատելով, որ նման միջադեպ եղել է։ Այսինքն, ի՞նչ է ստացվում։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ պետության ողնաշարը հանդիսացող դատական համակարգն իրեն պաշտպանված զգա եւ վերջնական կայանա, զբաղված են դատավորներին վախեցնելով, ճնշելով, հնազանդեցման փորձեր անելով։ Եթե մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները՝ կապված Վերաքննիչ քրեական դատարանի հետ, համապատասխանում են իրականությանը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Կարեն Անդրեասյանը շեղվել է իր սահմանադրական առաքելությունից եւ հատել բոլոր կարմիր գծերը, իսկ քաղաքական իշխանությունը պետք է այս ամենին գնահատական տա, այլապես լռությունը կարող ենք ընկալել համաձայնության նշան, հովանավորություն։ Սա կարող է լինել Կարեն Անդրեասյանի մասնագիտական վախճանը՝ զուգորդված նաեւ քրեական պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ դատավորները պետք է դիմեն ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին ե՛ւ իրավապահ մարմիններին՝ տարածվող տեղեկությունները ստուգելու, դրանց իրավական գնահատական տալու համար։ Կոչ եմ անում եւ հորդորում ԲԴԽ անդամներին՝ վարույթ հարուցել եւ այս հարցը օբյեկտիվ քննել՝ միայն ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցման պայմաններում։ Կարծում եմ՝ հատկապես ԲԴԽ դատավոր անդամները պետք է մասնագիտական պատվախնդրություն դրսեւորեն, շահագրգռված լինեն՝ առնվազն վարույթ հարուցեն եւ պարզեն իրականությունը։ Չէ՞ որ խնդիրը վերաբերում է իրենց գործընկերների անկախությանը եւ իրենց համայնքի հեղինակազրկմանը, որի հաջորդ թիրախը լինելու են հենց իրենք։ Անձամբ ես այստեղ ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական պատասխանատվության տարրեր եմ տեսնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/06/15/1348143/?mibextid=Zxz2cZ&fbclid=IwAR1sK4Tt6bnpSoCHB5UXpcsVjvarB9QwKiVck4Puu4SUU2VXOHzb7GKOTAI










