Ով է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանը, և ինչպես կազդի նրա նշանակումը հայ-թուրքական, այսպես կոչված, բանակցությունների վրա


Ով է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանը, և ինչպես կազդի նրա նշանակումը հայ-թուրքական, այսպես կոչված, բանակցությունների վրա
Հունիս 6 19:14 2023

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից կառավարության նոր կազմը հայտարարելուց հետո Անկարայում տեղի է ունեցել պաշտոնների ստանձնման արարողությունը։ Թուրքիայի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը ստանձնելուց հետո նախագահ Էրդողանը փոխեց փոխնախագահին և իր կաբինետի 17 նախարարներից 15-ին, այսինքն՝ Կառավարության գրեթե ողջ կազմը։ «Առաջիկա 5 տարիների ընթացքում մենք խոստանում ենք ամբողջ ուժով աշխատել՝ պաշտպանելու Թուրքիայի Հանրապետության փառքն ու պատիվը, բարձրացնելու նրա հեղինակությունը և փառաբանելու Թուրքիան ամբողջ աշխարհում»,- նշել էր Էրդողանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ազգային պաշտպանության նախարար է նշանակել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։ Ֆինանսների նախարար է նշանակվել Մեհմեթ Շիմշեկը, որն ավելի վաղ եղել է այդ պաշտոնին:

 

Այս անգամ Էրդողանի ամենավառ և քննարկվող նշանակումներից մեկն ԱԳ նախարարի փոփոխությունն էր։ 9 տարի Թուրքիայի արտգործնախարարի աթոռը զբաղեցրած Մևլութ Չավուշօղլուն ողջունեց նոր նախարարին՝ Հաքան Ֆիդանին, որը մինչ այժմ զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության պետի պաշտոնը: Չավուշօղլուն հայտարարեց. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ. հիմա մենք նոր խնդիր ունենք՝ կառուցել Թուրքիայի դարաշրջանը»:
Նոր արտգործնախարարը հավաստիացրել է, որ անելու է ամեն ինչ պետության ու ազգի միասնությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

1968 թվականին Անկարայում ծնված Հաքան Ֆիդանը հետաքրքիր և հարուստ կարիերա է ունեցել։ Իր կյանքի տարբեր փուլերում նա եղել է զինվորական, պաշտոնյա, գիտնական, քաղաքական գործիչ, իսկ վերջին 13 տարիներին՝ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար, ով բավականին լայն գործառույթներ է իրականացրել, այդ թվում՝ ներգրավված լինելով արտաքին քաղաքական կարևոր ուղղություններով բանակցություններում։ Ուսում և վերապատրաստումներ Ֆիդանն անցել է Արևմուտքում՝ ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում։ 2010 թվականի ապրիլին Ֆիդանը նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության (Millî İstihbarat Teşkilatı, MIT) փոխնախարար, իսկ 2010 թվականի մայիսին՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար։ 42 տարեկանում նա MIT-ի ղեկավարն էր։ Նա շարունակեց ղեկավարել MIT-ը մինչև 2023 թվականի հունիսի 3-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը: Նա ակտիվ մասնակցել է Անկարայի ու Դամասկոսի միջև բանակցություններին, որոնք անցկացվել էին Մոսկվայում: Թուրքական Cumhuriyet թերթն օրերս հիշեցրել էր, որ Էրդողանը նոր արտգործնախարարին անվանել է իր «գաղտնիքների պահապան»։

 

«Անկասկած, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր կաբինետի ամենավառ նշանակումներից մեկը Հաքան Ֆիդանի նշանակումն է, որը 13 տարի աշխատել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում։ Համարվում է, որ Էրդողանը Ֆիդանին, որին նա անվանում էր «իմ գաղտնիքների պահապան», նշանակել է թուրքական դիվանագիտության ղեկավար՝ որպես պարգև MIT–ի՝ տարածաշրջանային բոլոր գործընթացներում՝ Լիբիայից մինչև Սիրիա, Ուկրաինայից մինչև Կովկաս ակտիվ դերակատարություն ունենալու համար»,- գրել էր պարբերականը։ Արևմտյան աղբյուրներում հրապարակումներ կան այն մասին, որ Հաքան Ֆիդանը, լինելով Էրդողանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը, ազգությամբ քուրդ է, ժամանակին ընկալվել է՝ որպես Թուրքիայում Իրանի ազդեցության գործակալ, որը ծառայություններ է մատուցել Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Որոշ տեղեկությունների ու կանխատեսումների համաձայն էլ, Չավուշօղլուն լիովին բավարարել է Էրդողանին՝ որպես ԱԳ նախարար, սակայն Էրդողանը Ֆիդանի տեսքով իրեն ժառանգորդ է նախապատրաստում, այդ հարցը դիտարկվում է՝ որպես Էրդողանի «աքիլեսյան գարշապար»։

 

Ստանձնելով պաշտոնը՝ Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության այն հայեցակարգին, որն ունի նախագահ Էրդողանը և որը հիմնված է ազգային շահերի վրա և զերծ է արտաքին ազդեցությունից։ «Ես կներդնեմ բոլոր ջանքերը՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, նպաստելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարօրությանը»,- վստահեցրել էր նախարարը։

Հաքան Ֆիդանի նշանակումը ոչ պակաս կարևոր է հարավկովկասյան աշխարհաքաղաքական զարգացումների, ռեգիոնում Թուրքիայի աճող դերակատարության և հայ-թուրքական խնդրահարույց բանակցությունների ֆոնին։

 

Ավելին՝ 168.am