Մեզ մենակ են թողել ադրբեջանցիների հետ. Տեղ գյուղի ավագանու անդամ


Մեզ մենակ են թողել ադրբեջանցիների հետ. Տեղ գյուղի ավագանու անդամ
Մարտ 31 17:31 2023

Տեղ գյուղի հողերից համարյա 80-100 հա այս պահին ադրբեջանցիների վերահսկողության ներքո է, իրենք են վերահսկում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

 

 

«Նախկինում այդտեղ ռուս զինվորականներ էին կանգնած, երկու օր առաջ իրենք հեռացել են, դրանից հետո ադրբեջանցիներն առաջ են եկել, իրենց դրոշը դրել մեր վարելահողերում և աստիճանաբար իրենց հենակետերն են կառուցում, ակտիվ ինժեներական աշխատանքներ են կատարում»,- ասաց Հովսեփյանը։

 

Նրա կարծիքով ադրբեջանցիներին այդ տարածքից հեռացնելը չափազնաց դժվար է լինելու։

 

«Իրենք հետ չեն գնա, իրենց պետք է հետ շպրտել այնտեղից։ Ճիշտ է՝ այս պահին դեռ իրնց հանգիստ են պահում, բայց բնակիչների շրջանում, բնականաբար, անհանգստություն կա, այդ մարդիկ չեն կարողանում մոտենալ իրենց վարած-ցանած հողերին։ Միակ միջոցը նրանց զենքով հետ շպրտելն է, հային վայել չէ, որ ամեն անգամ սուս-սուփ գան և մեր հողերում ամրանան, ամոթ է»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

 

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի համար անհասկանալի է իշխանությունների պահվածքը։

 

«Թշնամին անխոչընդոտ մոտենում է մեր բնակավայրերին, մտնում է մեր տուն, բայց միակ բացատրությունն այն է, որ չենք ցանկացել լարվածության ստեղծել։ Արդեն մեր տանն են, մտածում ենք լարվածություն չստեղծելո՞ւ մասին»,- տարակուսեց նա։

 

Ըստ նրա՝ իշխանությունները բնակիչներին պետք է տեղյակ պահեին սպասվողի մասին, հնարավորինս ապահովեին իրենց անվտանգությունը։ «Մեզ մենակ են թողել ադրբեջանցիների հետ։ ՀՀ իշխանությունների բացթողումն է, անկարողությունն է ստեղծված իրավիճակի պատճառը»,- ասաց նա։