Նպատակն իսկական հայերին Հայաստանից հեռացնելն ու ոչնչացնելնա


Նպատակն իսկական հայերին Հայաստանից հեռացնելն ու ոչնչացնելնա
Մարտ 31 10:55 2023

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը մի քանի օր է՝ դարձել է հանրային քննարկման առարկա․ նա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ինչի մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար: Միշտ ուզեցել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ, ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար»,- նշել է նա։ Մարզիկը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր հայտարարել, որ վիրավորված է ֆեդերացիայից, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել իրեն։ «Օդանավակայանում ինձ դիմավորել են ընկերներս, մտերիմներս, ինձ գնահատողները, ֆեդերացիայից ոչ մեկը ո՛չ դիմավորել է, ո՛չ զանգել, ո՛չ էլ շնորհավորել»,- ասել էր Իսրայելյանը։ Պարզվում է՝ նա բնակարանի խնդիր ունի, հույսեր է փայփայել, որ պետությունը կօգնի այդ հարցում, բայց խաբվել է եւ որոշել է այլեւս ուրիշ երկրի դրոշի տակ հանդես գալ։

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասում է, որ անկախ իշխանավորների վերաբերմունքից, հայրենիքից լավ տեղ չկա, սակայն եթե Էրիկ Իսրայելյանը որոշել է Հայաստանից գնալ, դա իր որոշումն է, եւ նրան քննադատելը սխալ է:

- Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Հայաստանից, մասնավորապես իշխանությունների վերաբերմունքից վիրավորված՝ որոշել է հեռանալ, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

- Իրա գործն ա, Աստված իրա հետ, եթե ինքն էդպես ա որոշել, ուրեմն ոնց գիտի… երեւի իրա ծնողների եւ մարզիչի հետ քննարկել ա, դե հիմա որ տղուն ոչ մի բանում օգտակար չեն լինում, մտածում ա երեւի, որ ապագան ուրիշ տեղ պետք ա դասավորի:

- Ձեր որդու դեմ էլ մի պահ արշավ սկսվեց: Ասում էիք, որ նրան՝ որպես Ձեր որդու, զրկել են արտերկրում մրցումների մասնակցելու հնարավորությունից: Եթե մի օր Ձեր որդին էլ որոշի լքել Հայաստանը, կո՞ղմ կլինեք:

- Ցավդ տանեմ, էսօր իշխանության են եկել թրքահպատակներ: Իրանց ոնց հարմար ա, ոնց պետք ա, անում են: Նպատակն իսկական հայերին Հայաստանից հեռացնելն ու ոչնչացնելն ա: Մի կողմից թուրքն ա, մի կողմից` թրքահպատակ հայերը: Զզվացնում են մարդկանց՝ ինադու, որ հայրենիքը թողնեն ու գնան: Ես ու իմ որդին էնքան պինդ ենք էս հող ու ջրին կապված, որ ձեւ չունենք ուրիշ տեղ դիմանալու: Մենք բացի Հայաստանից ուրիշ ոչ մի տեղ չենք գնալու: Մեր ասելիքը դեռ ասելու ենք: Սրանք ինչքան ուզում են, թող պայքարեն մեր դեմ, ժամանակավոր բաներ են լրիվ, էս բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք:

- Իշխանությունների նման վերաբերմունքն առ սպորտ ինչո՞վ է պայմանավորված:

- Ցավդ տանեմ, էդ հարցի պատասխանը ես չունեմ: Պետք ա հարցնեք իշխանավորներին, սպորտի ոլորտի պատասխանատուներին: Ես իրանց տեղը ո՞նց պատասխան տամ….

- Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանի Հանրապետությունը երեք ղեկավար է ունեցել: Նրանց իշխանավարման տարիներին սպորտի ներկայացուցիչներին ինչպե՞ս են վերաբերվել:

- Դե, առաջին նախագահի ժամանակ երկիր չի եղել: Առաջին նախագահի ժամանակ Հայաստան եկավ բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը, դաժե օդանավակայան չէին եկել՝ էդ մարդուն դիմավորելու, դե պատկերացրու…. տաքսիստներն իրար մեջ կռիվ էին անում, թե որ մեկը պետք ա էդ մարդուն տանի, որ մի հիսուն ռուբլի ջեբը դնի: Երկրորդ նախագահի ժամանակ զարկ տրվեց սպորտին, ամեն տարի պարգեւատրություններ էին լինում, սպորտի մարդկանց հարգում էին, ամեն ինչ տեղը տեղին արվում էր: Երրորդ նախագահն էլ նույն ձեւով շարունակում էր, բայց հիմա չեմ էլ հասկանում, թե ինչ ա կատարվում: Սա, ախր, ղեկավար էլ չի, է, ես չգիտեմ՝ էս ինչ ա վաբշե: Բախտը բերել՝ նստել ա գահին ու երկիր ա ծախում: Մի ժամանակ արվեստագետներ ունեինք, տեղեկանում էինք, որ ինչ-որ արվեստագետի համար մի լավ բան են արել, բայց հիմա ոչ մի տենց բան չկա: Վատից բացի ոչ մի բան չենք լսում: Օրումեջ վախացնում են, թե պատերազմ ա սկսվելու, բայց չեն հասկանում, որ մեռնելուց հեշտ բան չկա:

- Ասում էիք, որ Ձեր որդուն չեն թողնում առաջ գնալ՝ Ձեր քաղաքական հայացքների պատճառով: Մեր նախորդ զրույցի ժամանակ էիք պնդում: Ինչ-որ բան փոխվե՞լ է։

- Կռիսավարի ապրելակերպով շարունակում են ապրել: Դրսում լավ ընկերներ ունեմ, ասում են, որ հրավիրելու են որդուս արտասահման: Ես ուղղակի Հայաստանը խայտառակ չանելու համար չեմ ուզում դատարաններ դիմեմ: Կարամ դաժե միջազգային հարթակներում էդ մասին խոսամ, բայց ես էդ մարդը չեմ, սաղ կյանք ես եմ դատվել, հիմա չեմ կարա ինչ-որ մեկին դատի տամ: Էս տարին մի կերպ կանցկացնենք, մինչեւ տենանք՝ գլխներիս ինչ ա գալիս: