Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է
Մարտ 29 22:09 2023

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։ 

Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ։

 

Ո՞վ է կառուցապատողը

«Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։

Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն,  որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։ 

Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։

Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167  քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։ 

 

Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր

Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։ 

«Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։ 

Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000  դրամով նվազ է գնել։

Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։ 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում