Վերահաստատում ենք, Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, սահմանին ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու պատրաստակամությունը. ՌԴ փոխարտգործնախարար


Վերահաստատում ենք, Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, սահմանին ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու պատրաստակամությունը. ՌԴ փոխարտգործնախարար
Մարտ 29 12:57 2023

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում։

«Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայի շուրջ վնասակար քննարկումները կդադարեն և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»,- ասել է դիվանագետը:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաև, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ 

«Մեր կողմից վերահաստատում ենք պատրաստակամությունն իրականացնելու, Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծով նախատեսված աջակցության այլ միջոցներ»,- ընդգծել է նա։

Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունը սկսել է ինտենսիվ գործընթաց՝ իրագործելու այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ։

«Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու հարցում ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- հավելել է դիվանագետը։