Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել


Մեր խնդիրն է սթափ գնահատել իրավիճակի ողջ բարդությունը. Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստ է հրավիրվել
Մարտ 27 20:02 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 
 

Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը:

 

Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած Արցախի բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում:

 

«Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ:

 

Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը:

Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

 

Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

 
 

Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին: