Ադրբեջանը կրկին առաջարկում է «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» ապրիլի սկզբին հանդիպում կազմակերպել Բաքվում


Ադրբեջանը կրկին առաջարկում է «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» ապրիլի սկզբին հանդիպում կազմակերպել Բաքվում
Մարտ 27 11:56 2023

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը առաջարկել է ԼՂ հայերին, «որպես մարտի 1-ի հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակություն, հանդիպել Բաքվում»:

 

«Որպես մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ին ներկայացված հրավերի շարունակություն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ևս մեկ անգամ առաջարկում է հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ քննարկելու վերաինտեգրումը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը»,- նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։

 

 

Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու)։ Քննարկվել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրները, ինչպես նաև Բաքվի ներկայացուցիչների կողմից Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում բնապահպանական մոնիթորինգի հնարավորությունը։ Հանդիպումներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացառել էր Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց:

 

«Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել էր Արցախի Հանրապետության նախագահը: