Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան


Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան
Մարտ 24 13:31 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին  ուժեղ ընտրանի է համարում:  

 

 

«Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:  Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը:

 

Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին:

 

 

«Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա:

 

Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: