Երևանի քաղաքապետի աշնանը կայանալիք ընտրությունները խոստանում են լինել բավականին մրցակցային ու թեժ։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունների թեման ըստ էության փակ է, ինչն էլ ենթադրում է, որ ընտրությունները կկայանան աշնանը։ Դեռ նախորդ տարվանից մի քանի քաղաքական ուժեր հայտարարել էին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին։
«ՔՊ»-ն հստակեցրել է՝ կառաջադրի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել նախորդ տարի, հաստատել է, որ ինքն էլ քաղաքապետի թեկնածու է՝ «Ուժ հայրենյաց» կուսակցությունից: Նույնիսկ քարոզարշավի ակնարկներ է ցուցադրում: «Հանրային ձայն» կուսակցությունը ևս հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին։
Շրջանառվում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին, ապա այստեղ դեռ վերջնական որոշում չկա։ ԼՀԿ-ից էլ հայտարարել էին, որ իրենց քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է։
Երևանի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նրանց քաղաքապետի թեկնածուն կամ Մանե Թանդիլյանն է լինելու, կամ Մեսրոպ Առաքելյանը։ Մեր տեղեկություններով կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի։
Չի բացառվում, որ այլ ուժեր ևս մասկացեն ընտրություններին, որն ավելի շատ օլիմպիական սկզբունքով կլինի՝ մասնակցում են, մասնակցելու համար։
Բայց ակհայտ է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների հիմնական պայքարն ընթանալու է երկու քաղաքական ուժի միջև՝ ՔՊ-ի ու «Ապրելու երկրի», նույն մարզերի՝ ՏԻՄ ընտրությունների նման։ Նախորդ տարիներին կայացած ՏԻՄ մի շարք ընտրություններում հիմնական ընտրապայքարը գնում էր հենց այս երկու կուսակցությունների միջև։
Երևանն իհարկե տարբերվում է մարզային մյուս քաղաքներից։ Այստեղ էլեկտորատը ավելի ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի ու իշխանության թեկնածուն լուրջ խնդիրներ ունի։










