Լո՞ւրջ, և դուք, քաղաքական իշխանություն, սրանից հետո էլ շարունակելու եք պնդել, թե մենք իրավական պետության քաղաքացինե՞ր ենք. Բաբայան


Լո՞ւրջ, և դուք, քաղաքական իշխանություն, սրանից հետո էլ շարունակելու եք պնդել, թե մենք իրավական պետության քաղաքացինե՞ր ենք. Բաբայան
Մարտ 2 11:17 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այս հայտարարությունն ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնողն արել է մինչև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված Պետաիրավական հանձնաժողովի կողմից այդ հարցի առնչությամբ եզրակացություն տալը: Ի դեպ՝ նույնիսկ դեռևս առանց որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը:

Լո՞ւրջ, և դուք, քաղաքական իշխանություն, սրանից հետո էլ շարունակելու եք պնդել, թե մենք իրավական պետության քաղաքացինե՞ր ենք: Թեև այլ բան երևի ակնկալել պետք չէր, չէ՞, որ Սահմանադրության խախտմամբ Սահմանադրություն փոխեցիք...

Հ.Գ. Հուսամ ԱԺ աշխատակազմում դեռ իրավաբան մնացել է, որ ԱԺ նախագահին բացատրի, որ ուզես, թե չուզես, հարցն ԱԺ քվեարկության դնելու ես»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Արսեն Բաբայանն անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանի հայտարարություններին՝ նշելով.

«Քանի որ մի քանի հոգի այսօր հարցրել են, միայն այդ պատճառով կպատասխանեմ Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամի մի քանի անհեթեթ մտքերին.

Այո, շարունակում ենք պնդել, որ Սեդա Սաֆարյանը կատարելով ներկայացուցչություն (այսինքն՝ փաստաբանություն) կատարել է կոպիտ խախտում, որը, սակայն, ՍԴ մասին սահմանադրական օրենքով նախատեսված «էական խախտումների» շարքին չի դասվում: Այսպիսի խախտման համար գործընթացը պետք է սկսեն ՍԴ երեք դատավորները, սրա համար ԱԺ-ն անելիք չունի, իսկ ՍԴ դատավորներին միջնորդելու անհրաժեշտությունն այս պահին չենք տեսնում:

Միաժամանակ մենք ապացուցել ենք, որ Սեդա Սաֆարյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ (դա մենք չենք ասում, դա «Հանրային ծառայության մասին» օրենքը և Վճռաբեկ դատարանն է ասում), ինչը Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով նախատեսված ՍԴ դատավորի անհամատեղելիության կանոնի խախտում է: Այս հարցով կարող է գործընթաց սկսել բացառապես Ազգային ժողովը և դրա համար էլ հենց իրենց ենք միջնորդել:

Ստիպված եմ նաև որոշ (նաև կոնկրետ) կիսագրագետների բացատրել, որ «կոպիտ խախտում», «էական խախտում» և «անհամատեղելիություն» եզրույթների իրավաբանական նշանակությունները տարբերվում են և հստակ սահմանագծված են:

Ստիպված եմ նաև բացատրել, որ ԱՁ-ի իրավաունակությունը կախել փաստաբանական գործունեության արտոնագրի գործուղությունից՝ տոտալ անգրագիտություն է կամ դիտավորությամբ տարածվող սուտ:

ԱՁ-ի գործունակությունը որևէ կերպ կախվածության մեջ չէ փաստաբանական գործունեության հետ, այդ ԱՁ-ի միջոցով կարող ես նաև պոմիդորի կամ անշարժ գույքի վաճառքով զբաղվել:

Բայց խնդրում եմ, ինձանից մի ակնկալեք, որ անդրադառնալու եմ ժամեր տևող եթերներում հնչող անգրագետ ու անհեթեթ մտքերին կամ այդպիսի լավաշային տեքստերին: Ես դրանց հեղինակի նման պարապ չեմ և բազմաթիվ կարևոր գործեր ունեմ անելու»։