«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին


«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին
Մարտ 2 10:35 2023

«Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարեց, թե, իբր, բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը եւ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին։ Իսկ 2019 թվականի հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետեւանքով։
Գ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտարարելով ՀՔԾ-ն այդպես էլ չէր մանրամասնել, թե արդյոք սպանությունը կատարվել է տաբելային զենքով եւ արդյոք հանցագործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերվել է։ Հետագայում արդեն պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետեւաբար չկա որեւէ ապացույց, որ Գ.Պետրոսյանին ամրակցված զենքով է արձակվել կրակոցը, որով Զ.Հովհաննիսյանին պատճառվել է կյանքի համար անհամատեղելի վնասվածք։ ՀՔԾ-ի կեղծ փուչիկը պայթեց ընդամենը երկու ամսվա ընթացքում, եւ 2019 թվականի օգոստոսի 4-ին Գ.Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել։
Անցած տարիների ընթացքում վարույթն իրականացնող մարմինը շարունակել է նրան պահել մեղադրյալի կարգավիճակում, թեեւ ոչ մի քննչական գործողություն նրա մասնակցությամբ չի կատարում, ոչ էլ գործն է դատարան ուղարկում։

«Միջնորդության մեջ նշել եմ բոլոր այն ապացույցները, փաստական տվյալները, որոնցով ապացուցվում և հիմնավորվում է, որ մեղադրանքում նշված օրը և ժամին, նշված վայրում նման հանցագործություն տեղի չի ունեցել, այն տեղի է ունեցել բոլորովին այլ վայրում, այլ ժամի և բոլորովին այլ հանգամանքներում։ Դրա համար էլ միջնորդել եմ, որ վարույթը կարճվի»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ արդյո՞ք այդ տվյալներն արդեն հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին, Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ դրանք հայտնի են եղել դեռևս 2008թվականից, դրանից հետո՝ 2018թ., երբ 10 անձանց վերաբերյալ գլխավոր դատախազի ցուցումն է եղել՝ առանձին գործ հարուցելու և վարույթը մայր գործին միացնելու, դրանից հետո ձեռք էին բերվել լրացուցիչ բավականին ծանրակշիռ ապացույցներ, որոնցով ապացույցվում է, որ Գեղամ Պետրոսյանը հանցագործություն չի կատարել և մեղադրանքը, որն առաջադրել են Պետրոսյանին, իրականության մեջ նման դեպք տեղի չի ունեցել։
Իսկ թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը ձգձգում գործի կարճումը, եթե այդ տվյալները դեռևս տարիներ առաջ են հայտնի եղել՝ Պետրոսյանը դժվարացավ նշել, թե ինչու են ձգձգում՝ նկատելով, որ տեղյակ չէ, թե դատավարական ինչ որոշումներ են ցանկանում կայացնել։
Նա հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Նշենք, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպանն ավելի վաղ եւս միջնորդություններ ներկայացրել էր՝ պահանջելով կարճել Պետրոսյանի վերաբերյալ գործը, որոնց լուծումը, սակայն, հետաձգվել էր՝ մինչև նոր հանգամանքների ի հայտ գալը։