«Ման-վե՜լ», «Ման-վե՜լ», «Ման-վե՜լ». շատերն են հիշում այս վանկարկումները 2008 թ. փետրվարի այն թեժ օրերին, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վիճարկելով փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, բազմահազարանոց հանրահավաքներ էր իրականացնում Երևանի Ազատության հրապարակում։ Ի՞նչ էր դա նշանակում, ո՞ր Մանվելի մասին էր խոսքը, ի՞նչ, որչա՞փ կամ որտեղի՞ց գիտեին հանրահավաքի մասնակիցներն այդ մասին՝ կարծես այդքան էլ էական չէր, էականն այն էր, որ «Մանվելը» միանում էր հանրահավաքին, ընդդիմությանը, Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ Միանում էր, բայց չմիացավ։ Այն ժամանակ՝ այսքանը միայն։
2018 թ. իշխանափոխությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առաջ, և նրան մեղադրեցին 2008 թ. նույն շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հակասահմանադրական գործունեության մեջ։ Չխորանալով քրեական գործի մանրամասների մեջ և ընդհանրացված կերպով ներկայացնելով մեղադրանքը՝ Քոչարյանը կասկածվում է 2008 թ. փետրվարի 23-ին, այսինքն՝ մինչև մարտի 1-ին արտակարգ դրության հայտարարելը, հատուկ գաղտնի հրամանով («0038») ռազմական խմբավորումներ ստեղծելու և պետության զինված ուժերը ներքին հարցերի կարգավորման մեջ ներքաշելու համար։ Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 22-ին Քոչարյանը վերադարձել էր Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և, հասկանալով իրերի դրությունը, փետրվարի 23-ին, զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, խորհրդակցություն էր կազմակերպել նախագահական նստավայրում։ Այդ հանդիպումն այսօր դարձել է դատաիրավական մարմիններում քննարկվող խնդիր։
Թե ի՞նչ է կատարվել փետրվարի 23-ին և դրանից հետո՝ մինչև մարտի 1-ի վճռորոշ օրը, հասարակական լայն քննարկումների բովում որոշակիորեն հանրայնացվել է։ Եվ չնայած ակնհայտ կողմնակալ քարոզչական թեզերին, այդուհանդերձ, հասարակական լայն շրջանակները ամենօրյա դատավարական գործընթացների, լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների, կողմերի ելույթների և այլնի միջոցով որոշակիորեն իրազեկված են։
Ի՞նչ իրադրություն էր հանրապետությունում ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին հաջորդող օրվանից մինչև Քոչարյանի վերադարձը և փետրվարի 23-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած նշյալ խորհրդակցության օրը։ Այս թեման առաջին հայացքից, կարծես, ևս քննարկվել է, սակայն ներկայումս և՛ իշխանական քարոզչամեքենան, և՛ դատաիրավական շրջանակները՝ իրենց բոլոր միջոցներով և մեթոդներով, ամեն կերպ շրջանցում են մի հույժ կարևոր պարագա՝ Մանվել Գրիգորյանի և նրան հարող զինվորական շրջանակների պահվածքն ու գործողություններն այդ վճռորոշ եռօրյա շրջանում։
«Ման-վե՜լ»-ի «մուտքը» իրադարձությունների շրջանակ
Հանրահավաքի մասնակիցների շրջանակներում «Մանվել» արտահայտությունը, որպես սկիզբ առած պայքարին մոտալուտ հաղթանակ բերող խորհրդանիշ, որպես իշխանության փլուզման, որպես իշխանության մեջ 5-րդ շարասյան ձևավորման ցնծալի լուր, սկսեց շրջանառվել ընտրությանը հաջորդող օրը՝ փետրվարի 20-ին։ Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը յուրօրինակ անակնկալ ունի և շատ շուտով կհայտարարի կարևոր մի բան։ Եվ դա չուշացավ. հենց հաջորդ օրը նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, որոնք համաձայնել են միանալ ցուցարարներին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ և՛ պաշտպանության նախարարի տեղակալն էր՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, և՛ «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահը։ Այդ պահից սկսյալ՝ ցուցարարները «Լե-վո՜ն»-ի փոխարեն կամ միաժամանակ սկսեցին վանկարկել նաև «Ման-վե՜լ»։
Պաշտպանության նախարարի մյուս տեղակալը, որի հետ հանդիպման մասին հայտարարեց Տեր-Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն էր, որին մարտյան իրադարձություններից կարճ ժամանակ անց՝ 2008 թ. ապրիլի 23-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ազատեց աշխատանքից:
Զինվորականները՝ մեծ քաղաքականության մե՞ջ
Ի՞նչ էր նշանակում այս ամենը: Նախ և առաջ փաստենք՝ ԵԿՄ-ում և դրա շուրջը համախմբված էին ոչ միայն բանակում ծառայող բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, այլ նաև հարյուրավոր պահեստազորայիններ ու ռազմական շրջանակների այլևայլ ներկայացուցիչներ։ Այսինքն՝ ԵԿՄ-ն՝ եթե ոչ ամբողջովին, ապա գոնե դրան մոտ աստիճանի ռազմականացված մի կառույց էր, և դրանով, Մանվել Գրիգորյանի հետ, ցուցարարների կողմն էին անցնում և՛ բանակի գործող ու պաշտոնաթող սպաներ, և՛ ռազմականացված կառույցի՝ ԵԿՄ-ի ղեկավար կազմն ու դրան հարող շրջանակները։
Ավելին՝ yerkir.am










