Դատավորները՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշման մասին


Դատավորները՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշման մասին
Դեկտեմբեր 27 18:17 2022

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարար (դիմելու պահին՝ նախարարի լիազորությունները կատարող) Գրիգոր Մինասյանը։

 
 
 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշմանն ասաց․ «ԲԴԽ որոշումը ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից»։

Հարցին, թե որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում եք, դատավորն ասաց, որ այդ հարցին չի պատասխանի, քանի որ իր համար գործում է քաղաքական զսպվածության սկզբունքը։ Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյո՞ք կարգապահական խախտում կարելի է համարել, որ խիստ ծանրաբեռնված իրավիճակում 4 վճիռ ըստ ԲԴԽ-ի Աննա Փիլոսյանը ժամկետից ուշ է տրամադրել, Զարուհի Նախշքարյանն ասաց․ «Աննա Փիլոսյանը ենթարկվել է ամենախիստ կարգապահական պատասխանատվության դատավորների մեծամասնության մոտ առկա թերության համար։ Ծանրաբեռնվածության խնդիրը ստացել է ձնագնդի էֆեկտ և ներկայումս այլևս անկառավարելի է։ Ընդ որում դատավորները զգուշացրել են այդ մասին տարիներ շարունակ։ ԲԴԽ-ի առաջնահերթ լիազորությունը կայանում է դատավորների բնականոն գործունեությոն իրականացնելու համար պայմաններ ստեղծելը,  որը խորհուրդը, գործադիր և օրենսդիր մարմինը չեն ապահովում։ Այլ կերպ ասած բոլոր դատավարական ժամկետների խախտման հարցում մեղավորը դատավորը չէ, բայց պատասխանատվության ենթարկվում է հենց դատավորը։ Արդյոք դա գործիք չէ՞»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն էլ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ էության որոշման միայն երզրափակիչ մասն ենք լսել, վերջնական որոշումը դեռ պետք է հրապարակվի, որ կարողանանք հասկանանք ու գնահատենք թե ուր ենք գնում կամ ինչ խախտում է արձանագրվել։ Ակնկակալվում է ստանալ դատավորի հիացմունքի արժանի շիտակ խոսքի, փաստարկների պատասխան։ «Ինչպես հասկացանք դատավարությունից դատավորը վերջին տարիներին ստացել է հազարավոր գործեր, ընդհուպ՝ հինգ հազար և ավելի գործ տարեկան և Աննա Փիլոսյանը ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած մեղադրանքի որոշ ակտեր ուշացրել է և չի տրամադրել կողմերին ժամանակին և դրա հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցվել են»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հետևյալ եզրահանգումն անելով․ «Նախ այդ հարցին պատասխանելու համար, թե՞ կա արդյոք դատավորի մեղքը, կամ մեղք կա արդյոք անննորմալ թվով գործեր ստանալու և դրանք ժամանակին չլուծելու մեջ։ Ուղղակի մենք բոլորս պետք է հարց տանք, թե կա՞ դատավոր որեւէ երկրում, ով ոչ մարդկային գերունակություններով է օժտված և ի վիճակի է տարեկան հինգ հազար գործ ստանալ ու դրանց ընթացք տալ օրենքով սահմանված կարգով։ Ցանկացած փաստաբանի, իրավաբան–մասնագետ–գիտնականի, լինի դատախազ, քննիչ, կարելի է ուղղակի մի հարց տալ, թե արդյո՞ք իրենք հնարավորություն ունեն ասենք տարեկան հինգ հազար և ավելի անձի զուտ բանավոր խորհրդատվական ծառայություն մատուցել, կամ օրինակ քննիչը կարող է տարեկան հինգ հազար գործ քննել, դատախազը կարո՞ղ է հինգ հազար գործով մեղադրանք պաշտպանի, և եթե թվարկածներիցս կլինի մեկը ով կասի, թե դա որակով արել է գոնե 5000ի 1|5րդի չափով, ուրեմն այդ մարդը կարող է վեր կենալ և ասել, որ դատավորը «մեղավոր է. ենթակա է դատապարտման»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե հաշվի առնելով ձեր ասածը, կարելի է ենթադրել, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ։ Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, թե տվյակ գնահատական չի կարող տա, ինքը գործի հրապարակված մասի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում։ Միաժամանակ դատավորը մեկ այլ օրինակ բերեց։ «Սպորտի օրինակով ասեմ, նույնիսկ ամենապրոֆեսիոնալ սպորտսմենները, օրինակ՝ վազորդները օրական կարող են վազել 10-15 կմ, բայց ոչ մի սպորտսմեն չի կարող ամեն օր 42կմ մարաթոն վազել։ Այս 5 հազար գործին լուծում տալը նման է նրան, որ ինչ-որ մարդ ամեն օր մարաթոն վազի»,- ասաց Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ ընդ որում ոչ բոլոր դատավորներն են 5 հազար գործ ստացել։ «Ընդունենք մի դատավոր ստացել է հազար գործ, մյուս՝ հինգ հազար, բնականաբար էն հազար գործ ստացած դատավորը միգուցե էլի դժվարությամբ փորձի տեղավորվել ժամանակի մեջ, բայց հինգ հազար գործի դեպքում դա ուղղակի հնարավոր չէ»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։

ԲԴԽ 9 անդամներից հարցի քննությանը մասնակցել է 8-ը։ Բոլորն էլ միակարծիք են եղել, որ Աննա Փիլոսյանը կարգապահական խախտում է թույլ տվել։ Միայն ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանն են դեմ եղել խիստ պատասխանատվությանը՝ լիազորությունները դադարեցնելուն։

Աննա Փիլոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը։ Փիլոսյանը նշել էր, որ հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով իրեն դատավոր նշանակելու համար, Արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, հայրենիքին ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:

«Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ»,-նշել է Ա. Փիլոսյանը: Արդեն նախկին դատավորը շնորհակալություն է հայտնել նաե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար:

Իսկ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին շնորհակալ է իրենց քվեարկության համար: «Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,-եզրափակել էր Աննա Փիլոսյանը: