Արցախի ապագան դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, պետք է սթափվենք. Արցախի թեմի առաջնորդ


Արցախի ապագան դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, պետք է  սթափվենք. Արցախի թեմի առաջնորդ
Դեկտեմբեր 25 17:59 2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ։

 

 Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ հրապարակում համախմբվելու նպատակն ցույց տալու միասնականությունն ու վճռականությունը:

 

«Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք: Սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը: Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ որոնելու: Այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի: Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական է նաև մեզ համար. առաջինն ասում է փրկիր ինքդ քեզ և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և քո առաջ կխոնարհվեն բոլորը: Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթած լինեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: Բայց ուզում եմ, որ կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ: Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, որը փչացնում է մեր նկարագիրը, մոռացնում՝ Աստված ու եկեղեցի՝ ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհիկ գանձերը գերադասել երկնայինից: Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։