«Հրապարակի» տեղեկություններով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ստենտավորել են։ Տեղադրվել է 4 ստենտ։ Վերջինիս այսօր այցելել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մեր տեղեկություններով, Լեւոն Տեր -Պետրոսյանին հիվանդանոցից դուրս են գրելու վաղը` առավոտյան ժամը 11.00-ին։
Փորձեցինք Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից մեկնաբանություն ստանալ։ Վերջինս նորից խուսափեց պատասխանել մեր այդ հարցին ՝ ասելով. «Ես հիմա ընտանեկան միջոցառման եմ, չեմ կարող խոսել» եւ անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Հրապարակին» հայտնի էր դարձել, որ Տեր-Պետրոսյանին տեղափոխել էին «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն։ Այս հիվանդանոցում է աշխատում սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, ով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական բժիշկն է:
Այդ տեղեկությունը դեռեւս երկու օր առաջ փորձեցինք ճշտել Մուսինյանից, սակայն վերջինս չպատասխանեց, իսկ ավելի ուշ գրառում արեց ֆեյսբուքում այն մասին, որ առաջին նախագահը պարզապես պլանային զննում է անցնում։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/f9b17a5a6d0ddcf0c0b0ed7dd51a2e0e










