Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները Երևանին


Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները Երևանին
Դեկտեմբեր 8 21:44 2022

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական աշխատանքներին, հայտարարել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ արդյոք խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմն ենք ստեղծելու:



Միևնույն ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ առկա է խաղաղության պայմանագրի ռուսական և ադրբեջանական տարբերակները, Արևմուտքը խաղաղության պայմանագրի իր տարբերակը առաջ չի քաշել: Ստացվում է, որ իշխանությունները փորձում են խուսափել ռուսական տարբերակից, ասել է թե՝ խաղաղության պայմանագրի կնքումից և անցում կատարել արևմտյան տարբերակին, որն էլ իր հերթին ենթադրւմ է ինչ-ինչ միջազգային մեխանիզմների ներդրում: Իզուր չէ, որ երեկ ԱԺ-ում իշխանությունները իրենք հայտարարեցին, որ դժվար թե մինչև տարեվերջ ականատես լինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

 
 
 

Ռուսական կողմը, կարծես թե, հասկանում է, թե ինչ նոր խաղ է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին է վկայում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այսօրվա ասուլիսը, որտեղ վերջինս բառացիորեն հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է խցկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ:

Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ: Այլ կերպ ասած՝ Զախարովան հակամարտության կարգավորման ձգձգման մեղքը բարդում է հայկական կողմի վրա:

Այս ֆոնին ուշագրավ է որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան և բովանդակալից հանդիպումներ է ակնկալում: Պարզ է, որ Բրյուսելը ցանկանում է գործընթացը ամբողջովին տանել իր ծիր և այս հարցում, կարծես թե, Բրյուսելի և ՀՀ իշխանությունների  ցանկություններն ու նպատակները համընկնում են: Այլ հարց է, թե ինչ գին են Փաշինյանի և իր թիմի արևմտյան ռևերանսների դիմաց վճարելու Հայաստանն ու Արցախը: 

 

Արցախից ևս հնչում են հետաքրքիր մեսիջներ: Մասնավորապես՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական  խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ: Գուցե՞ հենց այս միջազգային մեխանիզմների մասին է խոսքը:

 
 

Ինչևէ, իրավիճակը կրկին կարող է կտրուկ փոխվել վաղը: Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում՝ Բիշքեկում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում, դա լինելու է միակ երկկողմանի հանդիպումը, որը Պուտինը կունենա գագաթնաժողովի ընթացքում, թերևս այս հանգամանքն անչափ խոսուն է և ցույց է տալիս, որ Մոսկվան չի պատրաստվում այդքան հեշտ ու հանգիստ հեռանալ տարածաշրջանից և դեռ պայքարելու է խաղաղության պայմանագրի իր տարբերակը առաջ մղելու համար...