ՀՀ-ն կունենա Արտաքին հետախուզական ծառայություն, որը կենթարկվի վարչապետին


ՀՀ-ն կունենա Արտաքին հետախուզական ծառայություն, որը կենթարկվի վարչապետին
Դեկտեմբեր 8 11:55 2022

Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով և արտաքին հետախուզական ձևերն ու մեթոդները նույնպես էական փոփոխություններ են ապրում։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողություններ տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։ Մենք տեսնում ենք, որ աշխարհում հետախուզական մեթոդները զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ և այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթական մարմին։ Իհարկե, սա այն թեմաներից է, որ շատ մանրամասներ չի սիրում, բայց մյուս կողմից բավարար չափով քննակել ենք»,- ասաց վարչապետը։

 

Փաշինյանը հույս հայտնեց, որ այսպիսով էականորեն կզարգանան երկրի արտաքին հետախուզական կարողությունները։

 

«Պետք է նշել, որ գործող հետախուզական ծառայությունների ստատուս քվոն կպահպանվի, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը  կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացվում են ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։