Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը՝ 10 տարի չի բարձրանա Հայաստան մատակարարվող գազի գինը


Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը՝ 10 տարի չի բարձրանա Հայաստան մատակարարվող գազի գինը
Նոյեմբեր 24 16:33 2022

ՀՀ կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար է, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։

Նշվում է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան - Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

 
 

Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ, նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

 

Ըստ կառավարության՝ արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։