Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ


Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ
Նոյեմբեր 21 07:12 2022

Հսկող դատախազի՝ նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Ինչպես  հայտնում են Գլխավոր դատախազությունից, հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

 
 
 

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող թիվ 59103718 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դատախազական հսկողությամբ իրականացվում են վարութային և այլ ապացուցողական գործողություններ:

2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ին և նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն: Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Ս.Ա.-ն:
 
2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:
 
Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ:
 
Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: