ԱՆ նախկին աշխատակիցը դատարանում հաղթել է Ավանեսյանին․ պատրաստվում է վերականգվել աշխատանքում


ԱՆ նախկին աշխատակիցը դատարանում հաղթել է Ավանեսյանին․ պատրաստվում է վերականգվել աշխատանքում
Նոյեմբեր 19 18:29 2022

ՀՀ Առողջապահության նախարարության նախկին աշխատակից Ծաղիկ Վարդանյանը Երևանի Առաջին ատյանի դատարանում հաղթել է նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վարդանյանի հայցն ընդդեմ Ավանեսյանի բավարարվել է։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը գրել էր, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել է երկու նկատողություն, որից հետո նրան աշխատանքից ազատել էին։ Վարդայանը՝ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։

Մեզ հետ զրույցում Ծաղիկ Վարդանյանը հաստատեց տեղեկությունը, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է իր հայցը։ «Այո ես դիմել էի իմ աշխատանքի ազատման հետ կապված, որովհետև համաձայն չէի այդ վերաբերմունքի հետ, ես ունեմ դրա հետ կապված իմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, դատապաշտպանս զբաղել է դրանով, բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, եղել են մի քանի նիստեր և արդյունքում ստացել եմ որոշումը, որտեղ հստակ նշված է, որ պետք է վերականգնել և փոխհատուցել վնասը»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը։

 
 
 

Նրա խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնելու մեկ ամսից։ Հարցին, թե՞  պատրաստ եք դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո աշխատել Առողջապահության նախարարությունում, Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ այս պահին դեռ չի մտածում այդ մասին, բայց ամենայն հավանականությամբ կգնա և կաշխատի։ «Շատ չեմ կենտրոնացել, բայց անպատրաստ էլ չեմ, այո պատրաստ եմ, որովհետեւ գտնում եմ, որ իմ նկատմամբ վերաբերմունքը եղել է ոչ տեղին և այն հիմքերը, որով մարդուն ազատում են աշխատանքից ՀՀ-ում պետք է իրավական առումով լինի օրինականության սահմաններում»,- նշեց նա։

Ծաղիկ Վարդանյանն ասաց, թե չի կարելի մարդկանց, ովքեր տարիներ շարունակ բարեխիղճ իրենց մասնագիտական գործն են արել, չի կարելի նման կերպ վարվել։ «Մարդիկ տարիներով աշխատում են ու հանկարծ մարդիկ, ովքեր համակարգից բավականին հեռու են, և իրենց կյանքում գոնե մեկ մարդու չեն բուժել, կամ գոնե այդ բուժումը կառավարել ու որոշում են 20-30 տարվա գործունեություն իրականացնողին ուղղակի պախարակելով ճանապարհել։ Իհարկե էլի կարելի է ճանապարհել, բայց ոչ այսպես, չի կարելի։ Ես կտրուկ դեմ եմ նման վերաբերմունքին, դեմ եմ սև ու սպիտակ անելուն մասնագիտական մասում, թիմ- թիմ խաղալը»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ ինքը քաղաքական պաշտոն չի զբաղեցրել և հանձնարարություն է կատարել։

Նշենք, որ Ծաղիկ Վարդանյանը զբաղեցնում էր Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը։ 

Irakanum.am