4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից


4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից
Հոկտեմբեր 24 19:47 2022

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:

 

 

Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:

 

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:

 

Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

 

Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: