Տիգրան Ավինյանը՝ ՔՊ պարտության խորհրդանի՞շ


Տիգրան Ավինյանը՝ ՔՊ պարտության խորհրդանի՞շ
Սեպտեմբեր 12 15:01 2022

Սիսիանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաստատ պարտվելու է: Այսպիսի եզրակացություն ենք անում՝ հիմնվելով նախադեպերի վրա:

Այսպես. 2021 թվականին, երբ Գորիսում ՏԻՄ ընտրություններ էին , Տիգրան Ավինյանը գնացել էր Գորիս և ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Աբունցի հետ շրջել  Գորիսի փողոցներով՝ մաղթելով նրան հաջողություն ընտրություններում: Աբունցը պարտվեց ընտրություններում:

 

Այնուհետև Տիգրան Ավինյանը գնաց Տաթև, որտեղ  ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուի հետ մասնակցեց բնակիչների հետ հանդիպմանը: Տաթևում ՔՊ թեկնածուն պարտվեց:

Սակայն, Տիգրան Ավինյանը չհանձնվեց և Մեղրիում էլ որոշեց օգնել ՔՊ-ի թեկնածուին՝ նորից մասնակցելով ընտրողների հետ հանդիպմանը։ Արդեն պարզ է, որ Մեղրիում էլ ՔՊ-ն պարտվեց:

Օրեր առաջ Տիգրան Ավինյանը գնացել է Սիսիան, որպեսզի օգնի ՔՊ-ի թեկնածու Արմեն Հակոբջանյանին:

Այստեղ Ավինյանը մասնակցել է քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

ՖԲ իր էջում գրել է, թե արտադրամասը կարող է ապահովել մինչև 100 աշխատատեղ, մարզերն էլ կարող են զարգանալ, տնտեսությունը կվերափոխվի, ամեն ինչ, ինչպես միշտ, ապառնի ժամանակով, կարճ ասած, «ապագա կա»:

 

Այս անգամ Տիգրան Ավինյանը հրապարակավ հաջողություն չի մաղթել ՔՊ Սիսիանի  թեկնածուին՝ հաշվի առնելով վերոնշյալ դառը փորձը, այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ դա չի փրկելու Արմեն Հակոբջանյանին պարտվելուց:

Ասում են, որ ՏԻՄ-երում, երբ ՔՊ առաջին համարները տեղեկանում են, որ Երևանից գալիս են իրենց քարոզարշավում օգնելու, խնդրում են, որ հանկարծ Ավինյանին չուղարկեն:

Ի դեպ, վաղվանից էլ սկսվելու է Երևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունը, քանի որ Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը: