Սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան «մարտի է ուղարկել» իր «ծանր հրետանու» մի հատվածին:
ՔՊ-ի առաջին համար Արմեն Հակոբջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել քարոզարշավի մեկնարկի մասին, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանն ու Կարեն Համբարձումյանը: Վերջինս ամենաշատն է օգնում Հակոբջանյանին ընտրություններում հաղթելու համար:
Հատկանշական է այստեղ տեսնել Հրաչ Հակոբյանին, ում հավանաբար հենց Նիկոլ Փաշինյանն է գործուղել Սիսիան, որպեսզի ճշգրիտ տեղեկություններ բերի տեղում տիրող իրավիճակի մասին:
Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ուստի ՔՊ-ն ջանք ու եռանդ չի խնայում իր թեկնածուի շանսերը բարձրացնելու համար: Հավանաբար հենց ժողովրդի աչքին լավամարդ լինելու համար էլ իշխող ուժը որոշել է քարոզարշավը սկսել քաղաքային պանթեոնում ծաղիկ խոնարհելուց: Իշխանությունները երևի թե կարծում են, որ իրենց այս քայլը մոռացնել կտա այն հանգամանքը, որ հենց իշխանությունների օրոք պանթեոնի տարածքը կրկնապատկվեց:
Նշենք, որ ՔՊ-ի երրորդ համար Սիսիանում Անիկ Գրիգորյանն է՝ Սիսիան ԲԿ-ի տնօրենը: Հատկանշական է, որ ՔՊ-ի ցանկում նաև մեծ թվով դպրոցի տնօրեններ կան. այստեղ են, մասնավորապես, Անգեղակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը, Սիսիանի առաջին հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը, Սպանդարյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը, Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենը, Ախլաթյանի միջնակարգ դպրոցի տնօրենը, Սիսիանի 2-րդ հիմնական դպրոցի տնօրենը և մի շարք այլ դպրոցների տնօրեններ:
ՔՊ ցուցակում տեղ է գտել 63 անուն, այդ թվում՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ շատերին զուտ ասվել է, որ պետք է ընդգրկվեն ցուցակում, եթե չեն ցանկանում կորցնել իրենց աշխատանքը:










