«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ օրից լրանում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին: Դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն այժմ էլ շարունակվում է:
Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության շրջանակներում (որը դեռեւս շարունակվում է) տուժողները հարցաքննվել են 1.5 տարի առաջ, ինչը ենթադրել է տալիս, որ գործը 1.5 տարի տեղում դոփում է: Ըստ էության, 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե, ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետեւ հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:










