Որտեղ պետք է աշխատել բարձր աշխատավարձ ստանալու համար: Նախ պետք է ընտրել պետական և մասնավոր հատվածների միջև: Այստեղ ընդգծված առաջատարը մասնավոր հատվածն է: Քանի որ հունիսի դրությամբ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը մոտ 115 հազար դրամ է, իսկ մասնավոր հատվածում` ավելի քան 183 հազար դրամ:
Ոչ պետական հատվածում էլ ամենաբարձր աշխատավարձը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում է: Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի քան 434 հազար դրամ է:
Ընտրության համար նպատակահարմար երկրորդ ոլորտը տեղեկատվության և կապի ոլորտն է` մոտ 351 հազար դրամ միջին աշխատավարձով: Վերջինից մի փոքր հետ է մնում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը` մոտ 341.5 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ոչ պետական հատվածում կարելի է բարձր աշխատավարձ ստանալ նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում` մոտ 205.5 հազար դրամ, շինարարության` 178 հազար դրամ և էլեկտրականության, գազի, գոլորշու ու լավորակ օդի մատակարարման ոլորտում` մոտ 173.5 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:
Իսկ եթե այնուամենայնիվ գրավում է պետական հատվածը, ապա այստեղ ամենաբարձր աշխատավարձն ավելի քան 349 հազար դրամն է` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում: Այնուհետև գալիս են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ու շինարարության ոլորտը` մոտ 242 հազար դրամ ու 204 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:










