2022թ. մայիսի 28-ին ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022թթ.. ընթացքում նրանց հրավերով և ֆինանսական միջոցներով մեկնել է արտերկրի տարբեր քաղաքներ և հանդիպումներ ունենալով իր հետ կապ հաստատած օգտատիրոջ և վերջինիս վերադասի հետ, ամենամսյա կոնկրետ վարձատրության առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերել նրանց կողմից նվիրած «Iphone 11» մոդելի բջջային հեռախոսի և դրանում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայություններին փոխանցել իրենց կողմից պահանջվող տեղեկությունները։ Որից հետո, մինչ նրա բացահայտվելը, թանկարժեք նվերների և ամենամսյա համապատասխան վարձատրության դիմաց իր հետ կապ հաստատած Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչին է տրամադրել վերջինիս կողմից պահանջված ԱՀ պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի և այլ կարգի տեղեկություններ։
Բավարար ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Ա.Հ-ին որպես մեղադրյալ ներգրավվել և նրան մեղադրանք առաջադրել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության՝ լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու, կատարած հանրորեն վտանգավոր արաքի համար։
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել էր։










