РБК-ն հայտնել է, թե Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո ում է փոխանցելու իր բոլոր ռուսական ակտիվները


РБК-ն հայտնել է, թե Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո ում է փոխանցելու իր բոլոր ռուսական ակտիվները
Սեպտեմբեր 2 13:54 2022

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։

«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։


Անցյալ տարի Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել էր 1 միլիարդ դոլար։

Նախօրեին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։  «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: