Բենզալցակայանի աշխատակիցը Փաշինյանին է միջամատը ցույց տվել


Բենզալցակայանի աշխատակիցը Փաշինյանին է միջամատը ցույց տվել
Օգոստոս 11 18:35 2022

Hraparak.am-ը գրում է․

« Երեկ մենք լուր էինք հրապարակել՝ «ՊՆ-ում կադրային փոփոխություններ են» վերտառությամբ։ Գրել էինք․

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր եւ կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել եւ ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի․․․ Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ եւ ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։

Լուրի հրապարակումից հետո ՊՆ խոսնակը կայքերից մեկի հետ զրույցում հերքել էր պատահարը եւ մեր տեղեկատվությունը, ասել էր, թե «մտացածին լուր է»։

Այսօր առավոտյան «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել դեպքի «գլխավոր հերոսը»` Նարեկ Աթոյանը՝ գնդապետ Հրայր Աթոյանի որդին: Նա մեզ հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց լուրը հրապարակելու համար, ապա նշեց, որ ինքը ոչ թե Սուրեն Պապիկյանին է միջնամատը ցույց տվել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Նրա խոսքով` թեև ինքը Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն» է, սակայն դա իրեն չի խանգարում լինել օբյեկտիվ ու անաչառ, իրերն իրենց անուններով կոչել: Նրա պատմելով, մեր տեղեկատվությունն ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է եւ հայրն իսկապես այդ պատահարից հետո կորցրել է աշխատանքը, բայց՝ «ամեն ինչ նորմալ է»։

ՀԳ Մեր աղբյուրը, որի տեղեկությունների հիման վրա էր երեկ գրվել նշված լուրը, մեզ ասաց, որ նույն շարասյան մեջ են եղել եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Սուրեն Պապիկյանը։ Ոմանք այդ մատը վերագրել են Պապիկյանին, ոմանք՝ Փաշինյանին»։

 



loading...