Դատախազությունը կբողոքարկի Վովայի Արշակին 562 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը


Դատախազությունը կբողոքարկի Վովայի Արշակին 562 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
Օգոստոս 5 19:50 2022

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Դատարանը հուլիսի 29-ին մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը): Միաժամանակ, դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը և կիրառել գրավ՝ 562 միլիոն ՀՀ դրամի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Հակոբյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։

 

«Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության կապակցությամբ անցկացված դատալսումներին (խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննարկմանը) դատախազները չեն մասնակցել , հետևաբար նաև դիրքորոշում չէին կարող հայտնել: Իսկ մինչ այդ ՝ քրեական վարույթի ընթացքում , հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների գնահատմամբ նախաքննության տվյալ փուլում բացի կալանքից , այլ խափանման միջոցն ի զորու չի եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը , ինչով պայմանավորված՝ Ա. Հակոբյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ չի բավարարվել »,- նշեցին դատախազությունից՝ ավելացնելով, որ դատարանի հուլիսի 29-ի որոշումը դատախազությունում ստացվել է օգոստոսի 1-ին, ուսումնասիրվել է և ներկայումս նախապատրաստվում է վերաքննիչ բողոքի նախագիծ՝ դատական ակտն անհիմն լինելու պատճառով։

Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) համար։