Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը


Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ավետիք Չալաբյանի գործով ՍԴ դիմելու միջնորդությունը
Օգոստոս 5 18:50 2022

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբաններն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդեցին դատարանին դիմել Սահմանադրական դատարան։

Նշենք, որ Չալաբյանի դեմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը)։ Հենց այդ հոդվածի սահմանադրականությունն էլ Չալաբյանի փաստաբաններն ուզում են ՍԴ–ում վիճարկել։

«Այս նորմն ընդունվել է միայն մեկ նպատակով` Չալաբյանի դեմ գործ սկսելու համար։ Այս նորով երբևիցե ՀՀ-ում քրեական հետապնդում չի իրականացվել` սա առաջին դեպքն է։ Հորդորում եմ արձագանքել փաստաբաններիս միջնորդությանը և ՍԴ դիմել»,–ասաց Չալաբյանը։

Սակայն նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։

«Տվյալ նորմի սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա, ինչի հիմքով էլ միջնորդությունը մերժվում է»,–ասաց դատավորը։

Այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժամը 12-ին։

Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։

Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:



loading...