Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան


Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան
Օգոստոս 5 15:00 2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները, որի շրջանակներում քննարկվել է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը։ Մինչ այդ՝ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ ուսումնասիրվել է Չալաբյանի կալանավորման վերաբերյալ որոշումը, սակայն նախագահող դատավորն ընդհատեց Հարությունյանին՝ նշելով, որ դատական ակտը ստացել են, կարող են բողոքարկել, իսկ այս փուլում դատարանը չի կարող անցնել խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Փաստաբանը, այդուհանդերձ, շարունակեց հայտարարությունը՝ պնդելով, որ այս դատարանը չի կարող համարվել անաչառ, անկախ դատարան։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ ինքը պատանդի կարգավիճակ է, այցելելու է դատական լսումներին միայն մեկ նպատակով, որպեսզի հասարակությանը ներկայացնի անմեղության բոլոր ապացույցները։ «Դուք ինձ անձնական ազատությունից զրկել՝ եք առանց որևէ փաստական հիմքի վկայակոչման, փոխարենը՝ Ձեր սուբյեկտիվ մոտեցումն է։ Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ»,- ասաց նա։

Հայտարարություններից հետո դատարանն անցել է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկմանը, կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները:

 

Քննարկման առարկա է դարձվել նաև Արման Սահակյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննության հարցը, Սահակյանն այս պահին երկրում չէ, սակայն նախաքննության ընթացքում պաշտպանության կողմն արդեն փաստաբանական հարցում է իրականացրել՝ Սահակյանին, որին մասնակցել է նաև վերջինիս փաստաբանը։ Քննարկվել է նաև մեկ այլ վկայի՝ Էրիկ Հայրապետյանի հարցաքննության հարցը։

Հանրային մեղադրողն առարկել է Արման Սահակյանին հարցաքննելու դեմ՝ վկայակոչելով վերջինիս իրավունքների պաշտպանության հարցը և նշել, որ վերջինիս կարգավիճակը կարող է փոխվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է տեղեկություն անձի վերաբերյալ և իրավիճակ, որ պաշտպանության կողմը գտնում է, որ մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա հարցեր ուղղելու այդ անձանց՝ ինչպես իր դեմ վկայած անձանց, դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է և որոշել Ա. Սահակյանին և Է. Հայրապետյանին ներառել դատակոչի ցուցակում, իսկ նրանց ցուցմունքները՝ հետազոտման ենթակա ապացույցների ցանկում։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

 

Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան