«Ադրբեջանական սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների անգործությունն է». 5165 շարժում


«Ադրբեջանական սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների անգործությունն է». 5165 շարժում
Օգոստոս 5 10:00 2022

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների, որոնց խնդիրը Արցախը, Սյունիքը և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարբեր շրջաններ հայաթափելն է, ռազմավարական բարձունքներ ու հանգույցներ զբաղեցնելը, Հայաստանից նորանոր զիջումներ կորզելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով առնվազն ամբողջությամբ տիրել Արցախին ու Սյունիքին և իրագործել թուրանական նախագիծը։

Այս փուլում թշնամին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքը և ցրել Արցախի պաշտպանության բանակը, պահանջներ, որոնք թեև չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդուհանդերձ ցույց են տալիս, որ ադրբեջանական այս սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է ու անգամ հայրենիքի տարբեր մասերը հանձնելու գնով «խաղաղության» խոստացված օրակարգն իրագործելու կործանարար ուղեգիծը։ Ասվածի հիմքերն ավելի քան ակնառու են.

1. Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել, ընդլայնել ու զարգացնել ռազմական ենթակառուցվածքը, զորամասեր ու ռազմական օդանավակայաններ հիմնել Արցախից գրավված տարածքներում, պատրաստվել նոր ներխուժումների, մինչդեռ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը գնալով ապամոնտաժում է ռազմական ենթակառուցվածքը, չի կատարում խոստացած ռազմական բարեփոխումները, քայլեր չի անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և ժողովրդին հավաստիացնում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, դիվանագիտական ճանապարհով խաղաղություն է բերելու։ 2. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ագրեսիայի պայմաններում էլ պաշտոնական Երևանը ձեռքերը ծալած նստած է. վարչապետը գտնվում է «արձակուրդի» մեջ, արտգործնախարարությունը հերթական անատամ հայտարարությունն է անում, իշխանամերձ տարբեր լրատվամիջոցներ ու անհատներ սլաքներն ուղղում են ռուսական խաղաղապահ զորքերի ուղղությամբ։ Նույնիսկ, երբ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվում, Երևանում անհանգստության նշաններ չեն նկատվում։