ՌԴ ՊՆ-ն նոր ուշագրավ հաղորդագրություն է տարածել


ՌԴ ՊՆ-ն նոր ուշագրավ հաղորդագրություն է տարածել
Օգոստոս 4 22:09 2022

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել (Արցախի ՊԲ-ն հայտնում է 19 վիրավորի մասին, – խմբ.)»,-ասված է հաղորդագրությունում:

 

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել:

 

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: