Լարվածությունը պահպանվում է, բայց ոչ խուճապ կա, ոչ էլ՝ դրա կարիքը․ ՊԲ զինվորն անում է անհնարինը. Մետաքսե Հակոբյան


Լարվածությունը պահպանվում է, բայց ոչ խուճապ կա, ոչ էլ՝ դրա կարիքը․ ՊԲ զինվորն անում է անհնարինը. Մետաքսե Հակոբյան
Օգոստոս 2 15:30 2022

Խուճապ բացարձակապես չկա Արցախում։ Ճիշտ է՝ չենք համակերպվելու այս վիճակին, բայց նաև շատ լավ գիտակցում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների որդեգրած պարտվողական կեցվածքը սրան էր հանգեցնելու։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ես և՛ պաշտոնական լրահոսին եմ հետևում, և սեփական ճշտումներն եմ անում։ Կարող եմ ասել, որ պաշտոնական լրահոսով շատ մանրամասներ, բնականաբար, չեն հաղորդվում, բայց հիմնականում ճիշտ ինֆորմացիա է տրվում։ Այս պահին լարվածությունը պահպանվում է։ Ի տարբերություն 44-օրյայի, այստեղ են նաև ռուս խաղաղապահները, և այն ամենը, ինչ պետք է ու հնարավոր է անել, արվում է։ Ավելին՝ պաշտպանության բանակի զինվորն անում է անհնարինը, իրոք՝ անհնարինն է անում»,-նշեց Հակոբյանը։
Հիշեցնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, որ ՊԲ-ն կարող է միայնակ ապահովել Արցախի անվտանգությունը, ՀՀ զորքերն այնտեղ անելիք չունեն՝ պատգամավորը շեշտեց՝ բանակն անում է առավելագույնը․ այլ տարբերակ չկա։

 

«Թշնամին մեր չորս կողմում է, մենք նրան անզեն աչքով տեսնում ենք, բայց կյանքը նորմալ հունով ընթանում է․ մարդիկ իրենց աշխատատեղերում են՝ սովորականի պես։ Մենք սրանից շատ ավելի ծանր օրեր ենք ապրել և շատ լավ ենք գիտակցում, որ իրավիճակի բարելավում, լարվածության լիցքաթափում դեռ երկար ժամանակ չի լինելու»,-ասաց տիկին Հակոբյանն ու Արցախը միայն քարտեզով ճանաչողներին հորդորեց զերծ մնալ խուճապային տրամադրություններ տարածելուց։