Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ Արցախում մի քանի ամիս է՝ ակտիվ աշխատում են։ Նախնական պայմանավորվածությամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 10-ին Արցախում պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա դեկտեմբերի 10-ին Արցախը կունենա նոր Սահմանադրություն, ինչը հնարավորություն կտա լծվել Արցախի պետականության ամրապնդմանն ու հզորացմանը։ Հայեցակարգային հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը, իսկ մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 1-ին պետք է ԱԺ ներկայացնի իր եզրակացությունը, որին կհետևի հանրային քննարկումը»,-նշեց Գալստյանը։
Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչվելու դեպքում Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների գործընթացները միմյանցից տարանջատվելու են։ Եթե գործող Սահմանադրությամբ նախագահը հրաժարական տալու պարագայում Ազգային ժողովն արձակվում է, ապա փոփոխություններից հետո, նախքան արձակումն ԱԺ-ն նոր նախագահ կընտրի։
«Գործող Սահմանադրությամբ եթե նախագահը հրաժարական է տալիս, ապա փոխկապակցաբար Աժ-ն արձակվում է, և 40 օրվա մեջ տեղի են ունենում նախագահական և ԱԺ ընտրություններ։ Ըստ Արցախի ներկա իշխանության, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա գործող Սահմանադրության պայմաններում, ապա ադրբեջանական կողմը հնարավոր է՝ նոր սադրանքների դիմի և թույլ չտա ընտրություններ կազմակերպել, ինչն էլ կհանգեցնի պետական ինստիտուտների փլուզման։ Սահմանադրական փոփոխություններից հետո այդ ճգնաժամի վտանգն այլևս չի լինի, և, եթե Արայիկ Հարությունյանը հավատարիմ մնա իր խոստմանը, ապա առանց որևէ խոչընդոտի կարող է հրաժարական տալ»,-ասում է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։
Գալստյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան լույս տեսնել թունելի վերջում և փոխել իրադարձությունների ընթացքը, որոնք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո որևէ հայանպաստ քայլ չեն պարունակել։