|
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրառումը. «Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։ Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝ Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ, Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ, Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։ Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը։ |
«Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից». փոխվարչապետ
Աղբյուրը` Համբարձում Մաթևոսյան










