«Մեր օրակարգ» արտահայտությունն այնպես են օգտագործում, ասես իրենց «պատրոն դաշով», «թուր-թվանքով» գալու են». Հ. Աղազարյան


«Մեր օրակարգ» արտահայտությունն այնպես  են օգտագործում, ասես իրենց «պատրոն  դաշով», «թուր-թվանքով» գալու են». Հ. Աղազարյան
Հուլիս 25 16:15 2022

Ազգային ժողովի խորհրդի հուլիսի 22-ին նախատեսված նիստը  այդպես էլ չկայացավ քվորում չլինելու պատճառով: Այնինչ իշխանական պատգամավորները, մեծ ոգևորությամբ էին խոսում այդ գործընթացի մասին՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից  զրկելու հարցը օրենքի  պահանջ է: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու քվորում չապահովվեց անգամ երկու ժամ ընդմիջումից հետո. ի՞նչն էր պատճառը: ԼՈՒՐԵՐ.com-ը այդ թեմայով զրուցեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: 

 

«Չեմ կարող հստակ ասել, թե ինչ պատճառով այդպես եղավ, գուցե խորհրդի որոշ անդամների համար դա կեցվածք էր, որ չկայանա նիստը, այդ հարցը չմտնի շրջանառության մեջ. չէ՞ որ պատգամավորը քաղաքական գործիչ է և իր մասնակցել-չմասնակցելն այս կամ այն հարցի քննարկմանը նաև կեցվածք է: Ուրեմն՝ նրանք չեն գտնում, որ այդ հարցը պետք է ունենա այն շարունակությունը, ինչը օրենքով նախատեսված է»,-մեր հարցին ի պաատասխան ասաց Հ. Աղազարյանը: 

 

Ըստ նրա՝  որոշ պատգամավորներ պետք է զրկվեին մանդատներից, որովհետև ընդդիմությունը իշխանության կարևոր մաս է: Հետո շարունակեց մի քիչ սարկազմով.

 

«Նրանք իշխանության շատ կարևոր մաս են կազմում  և նրանց բացակայությունը  խորհրդարանի նիստերին իրապես ազդում է խորհրդարանի կողմից ընդունված օրենքների և որոշումների որակի վրա: Գուցե հաջորդները գան և փոխեն իրենց տակտիկան. շաբաթական մեկ անգամ  հանրահավաք անեն, տեսնեն իրենց բարձրացրած հարցն ինչ արձագանք է ստանում ժողովրդի մոտ, հանրահավաքները ակտիվացնեն, փոխեն իշխանությունը և փրկեն հայրենիքը:  Բայց նաև  չմոռանան, որ դա կարող է տևել 1 կամ 1,5 տարի,  գան, մասնակցեն ԱԺ նիստերին և թույլ չտան, որ Հովիկ Աղազարյանն օգտվի իրենց բացակայությունից ու հապշտապ անորակ օրենքներ ընդունի»: 

 

Ընդդիմությունը պնդում է, որ իրենք խորհրդարան են գալու իրենց օրակարգով, այն է՝ հեռացնել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին իր պաշտոնից:

 

««Մեր օրակարգ» արտահայտությունն այնպես  են օգտագործում, ասես իրենց «պատրոն  դաշով», «թուր-թվանքով» գալու են...թող գան, ո՞վ է բան ասել: Թող գան, հարցեր բարձրացնեն:  Բայց Նիկոլ Փաշինյանին նրանք երբեք չեն կարող  զրկել պաշտոնից այդ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանին պաշտոնից կարող է զրկել միայն նրա հենարան հանդիսացող քաղաքական թիմը, որն այսօր միահամուռ կերպով կագնած է վարչապետի կողքին»,-ասաց Աղազարյանը: