Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ խորհրդարանական երեք ուժերին սեպտեմբերի երկուսին հրավիրել է Արցախ՝ նշելու հայկական երկրորդ պետության անկախության օրը։
«Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»,- ասված է Թովմասյանի ուղերձում։
Արթուր Թովմասյանի հայտարարությունն, ըստ Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի, հերթական քայլն է՝ ուղղված հայաստանյան քաղաքական ուժերի հետ երկխոսությանը։
«Դեռևս 2021 թվականի փետրվարին Արցախի խորհրդարանում հարց բարձրացվեց միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքներ սկսելու ուղղությամբ։ Եվ այդ ժամանակ մեր խորհրդարանի նախագահը դիմեց Արարատ Միրզոյանին, որն այդ ժամանակ դեռ ԱԺ նախագահ էր։ Մենք ստացանք պատասխան, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին նման հարց քննարկելը տրամաբանական չէ։ Նա նշել էր, որ ընտրություններից հետո այդ հարաբերությունները զարգացնելու համար քայլեր կարվեն»,- հիշեցրեց Դավիթ Իշխանյանը, ապա հավելեց, որ իրենք սպասել են ընտրություններին, ապա սեպտեմբերին ևս մեկ անգամ նույն հարցով դիմել են, սակայն որևէ արձագանք չի եղել։
Արցախի պատգամավորը նկատեց՝ այժմ Արցախի հետ ՀՀ իշխանությունների հարաբերությունները ոչ թե կաղում են, այլ գրեթե գոյություն չունեն։
«Կարծում եմ, որ Արթուր Թովմասյանը փորձում է երկխոսության հնարավորություններ ստեղծել։ Արցախը երկխոսության համար պարարտ հող է և պատրաստ է հիմնական խնդկիրները քննարկել։ Կարծում եմ՝ պետք է դրական լինի արձագանքը, ընդդիմությունից մենք արդեն իսկ տեսել են որոշակի մեկնաբանություններ»,- նշեց նա։
Հարցին, իսկ ի՞նչ սպասելիքներ կան ՔՊ-ից, արդյոք հավանակա՞ն է ՀՀ իշխանությունների այցը Արցախ, Դավիթ Իշխանյանը պատասխանեց․ «ՔՊ-ից սպասելիքներ չունենք, ընդհանրապես»։
Դավիթ Իշխանյանը նշեց, որ ՀՀ գործող իշխանություններից մեկ սպասելիք ունեն իրենք՝ հրաժարական և հեռացում։
Այնուամենայնիվ, պատգամավորը հավելեց, որ շատ կարևոր է Արցախի անկախության օրը մեծ շուքով նշելը, և ցանկալի է, որ Հայաստանից շատ մարդիկ ներկա լինեն այդ միջոցառմանը՝ ցույց տալու հայաստանցի ու արցախցի ժողովուրդների միասնականությունը։
Ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի հայտարարության մյուս մասին, որով նա ողջունել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը, ապա Դավիթ Իշխանյանը նշեց, որ դրանով Արցախի ԱԺ նախագահը ջուր է լցնում ՔՊ-ի ջրաղացին։
«Այդ հարցն այստեղից բարձրաձայնելու իմաստը ես չեմ հասկանում։ Դա ուղղակի ընկալելի ու ընդունելի չէ»,- ասաց նա։
Նարե Գևորգյան