Առաջին անգամ չէ, որ իրենց հայտարարություններով փաստում են՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից՝ մեկ ոտք շուտ կատարելով Ալիևի պահանջները։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ սեպտեմբերից Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի Արցախում, ԶՈՒ ստորաբաժանումները դուրս կբերվեն։
«Դեռ 2018 թ-ին, երբ Նիկոլը իր խունտայով եկավ իշխանության, ահազանգում էինք, որ եկել են Արցախը հանձնելու, հիմա, փաստացի, շարունակում են Արցախը հանձնելու քաղաքականությունը։ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի` նշաձողի իջեցման հայտարարությունը, բոլորը մեկ կենտրոնից են ուղղորդվում։ Հիշում եք՝ մի քանի օր առաջ Ալիևը ասեց, իրենք փորձում են մի ոտք շուտ հրահանգները ի կատար ածել․ ունեն պայմանավորվածություններ։ Իրենց հետաքրքրում է միայն այն, որ անեն ամեն ինչ իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,-ասաց նա։
Դավիթ Գալստյանի խոսքով՝ որքան էլ փորձեն քանդել նաև Արցախի ՊԲ-ն, Արցախը ունենալու է իր զինված ուժերը, ռուս խաղաղապահների հետ միասին իրականացնելու է ինքնապաշտպանություն։
«Այսօր Հայաստանը երես է թեքում հայ ազգի մի մասից, հայկական երկրորդ պետությունից»,- եզրափակեց նա։
Անի Գևորգյան