Սեւանը հիվանդ է, այն միշտ կանաչելու է. դրա դեմ միայն մի եղանակ կա. Մարատ Գրիգորյան


Սեւանը հիվանդ է, այն միշտ կանաչելու է. դրա դեմ միայն մի եղանակ կա. Մարատ Գրիգորյան
Հուլիս 18 13:30 2022

Սեւանը միշտ ծաղկելու է, կանաչելու է եւ դրա դեմը չենք կարող առնել, եթե չլուծենք հիմնական խնդիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Այն բոլոր միջոցառումները, որ կատարվում են անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Սեւանը հիվանդ է, մենք չենք լուծում այդ հիվանդության հիմնական պատճառը. Սեւանի ջրի ծավալը այսօր այն վիճակում է, որ միշտ կկանաչի: Դրա համար կան ռեալ ճանապարհներ, Հայաստանի ջրային ռեսուրսները բավարարում են Սեւանի մակարդակը նախնական տեսքին բերելու համար: Դրա համար հարկավոր է եւ մասնագիտական կամք, եւ քաղաքական կամք երկրի ղեկավարության կողմից, որ այդ խնդիրները լուծենք: Ինչպես ժամանակին լուծեցին Սեւանի մակարդակն իջեցնելու ճանապարհով գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնելու հարցը, այդպես էլ հիմա հակառակ կամքը պետք է դրսեւորել: Դրա համար դեռ խորհրդային տարիներին որոշ քայլեր կատարվեցին, կառուցվեց Արփա-Սեւան թունելը: Որոտան-Արփա ջրատարը 21 կմ կառուցվել է եւ մի լիտր ջուր չի հոսել: Հիմա նույնը շարունակվում է, անկախության տարիներին գնացել է Սեւանի ջրերի ոչ մասնագիտական շահագործում եւ բոլոր քննարկումները տարել են միայն մեկ ուղղությամբ՝ մարդկանց բթացնել:

Կանաչելու դեմ մի եղանակ կա, Սեւանի մակարդակը տարեկան բարձրացնել մեկ մետրից ավելի եւ 15-20 տարվա ընթացքում Սեւանի մակարդակը բերենք իր նախնական վիճակին: Այդ դեպքում Սեւանը երբեք չի կանաչի եւ կենդանական աշխարհը, եւ ջրային ռեսուրսները կհերիքեն եւ երկրի համար եւ Սեւանը կանաչելուց փրկելու համար: Ուրիշ ճանապարհ չկա: Մենք առաջարկել ենք ծրագիր կառավարությանը, բայց մարդիկ չեն ուզում լսել»,-ասաց նա: